«Առաջին լրատվական»-ի բացառիկ հարցազրույցը այս օրերին Լոս-Անջելեսում բնակվող իր հայրական տանը հյուրընկալած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:
-Յուրա, «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքում անց է կացվում հարցում` ակումբի կազմում 2011թ. լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով: Առայժմ 6890 քվեների 71%-ը քո օգտին է: Դու քեզ համարո՞ւմ ես քո ակումբի կազմում լավագույնը:
- Ես չեմ ուզում ինձ առանձնացնել մնացած ֆուտբոլիստներից, քանի որ ճիշտ չի լինի:Թիմային սպորտում շատ դժվար է մեկին առանձնացնել, բայց ես շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որ ինձ սիրում ու հարգում են:
-«Կրասնոդար»-ն ինչպե՞ս է պատրաստվում մրցաշրջանի աշնանային փուլին: Հայտնի է, որ հունվարի 8-ից թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում:
-Մենք մեր հավաքներն անցկացնելու ենք Բելեկում: Շատ լավ ենք պատրաստվում: Մենք ամրապնդվել ենք 9-րդ տեղում:
- Sovsport.ru-ն դադարեցրեց քվեարկությունը քո օգտին և պատճառաբանեց, որ կային «կեղծ» քվեներ: Ի՞նչ կարծքի ես այդ մասին:
-Ես այդ կայքով քվեարկությանը լուրջ չեմ դարձնում, քանի որ կայքով քվեարկություններն այլ են, և որոշումն, ինչպես միշտ, իրենք են կայացնում:
-Կարծո՞ւմ ես, որ անկեղծ ու անաչառ չեն:
-Եթե կեղծիք եղել է, ապա ես չեմ կարծում, որ միայն իմ օգտին է եղել, քանի որ նույնը յուրաքանչյուր ֆուտբոլիստի օգտին կարող է արվել: Ես կլինեմ առաջին մարդը, որ կասեմ, որ ես չեմ Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացողը, քանի որ այնտեղ կան Դումբիան, Վորոնինը, որոնք շատ լավ ֆուտբոլ են խաղում: Ես անձամբ իմ ձայնն իրենց կտամ, քանի որ իրենք են Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստները և բարձրակարգ թիմերում խաղում են բարձրակարգ ֆուտբոլ:
-Քո Ֆուտբոլային կյանքում ամենամեծ ներդրումն ո՞վ է ունեցել:
-Իմ հայրը, քանի որ ինքն իմ և եղբորս հետ փոքր տարիքից զբաղվել է ֆուտբոլով:
- Յուրա´, ո՞վ է քո ֆուտբոլային կուռքը:
-Իմ ֆուտբոլային կուռքը եղել է Տիերի Անրին և բրազիլացի Ռոնալդոն:
- Ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո կմնա՞ս «Կրասնոդար»-ում:
-Չգիտեմ կմնամ, թե չեմ մնա. դա «Կրասնոդար»-ի որոշումն է: Բայց քանի որ ես «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ եմ և 2.5 տարվա պայմանագիր ունեմ, ոչինչ ասել չեմ կարող:
- Որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ քեզ իրենց կազմում ցանկանում են տեսնել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն ու Լոնդոնի «Տոտտենհեմ»-ը:
- Անկեղծ ասած ես շատ ուրախ եմ, որ այդպիսի խոսակցություններ կան, բայց կրկնում եմ, որ ես «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ եմ և մնացած խոսակցությունների մասին չեմ ուզում ինչ-որ բան ասել, քանի որ դա գեղեցիկ չի լինի «Կրասնոդար»-ի տեսանկյունից:
- Ո՞րն է քո երազանքի ակումբը:
-«Արսենալ»-ը և «Ռեալ Մադրիդ»-ը:
- Իսկապես, աննախադեպ էր տարին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար, և, բնականաբար, քո մասնակցությունն այնտեղ անուրանալի նշանակություն ունի: Քո կարծիքով ո՞րն է հավաքականի հաջողության գաղտնիքը և ո՞ր պահը հավաքականի համար դարձավ շրջադարձային, բեկումնային:
-Իմ կարծիքով այն սկսվեց Իռլանդիայի հետ տնային խաղից, քանի որ հենց այդ խաղից մենք վստահություն ձեռք բերեցինք և ապացուցեցինք մեր ժողովրդին, որ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ և հաղթել: Իսկ իմ` Հայաստան գնալը ճիշտ որոշում էր և օգնեց հավաքականին: Ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ: Հպարտ եմ, որ հայ ժողովուրդն ուրախանում է մեր հավաքականով:
-Հայաստանի հավաքկանում ավելի մեծ է կատարողների՞, թե՞ մարզչի դերը:
-Երկուսն էլ կարևոր են, որովհետև եթե մարզիչը լավը լինի, կատարողն էլ լավը կլինի:
- Ո՞րն է հավաքականում քո ամենադժվար խաղը:
- Ամենադժվարը եղել է Ռուսաստանի հետ խաղը` Սանկտ-Պետերբուրգում: Ամենադժվարը կարելի համարել նաև Ռուսաստանի հավաքականի հետ տնային խաղը, քանի որ ես ծանր վնասվածք ունեի և ինձ համար շատ դժվար էր: Ամբողջ խաղը ցավերով խաղացի:
-Իսկ ո՞րն ամենահիշարժան պահը քեզ համար:
-Ամենահիշարժան պահն ինձ համար Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղն էր, որի ժամանակ հավաքականում իմ առաջին գոլը խփեցի: Ինձ համար բոլոր խաղերն էլ հիշարժան են:
- Արդյո՞ք 2014 թ. Աշխարհի առաջնության ընրական փուլը հաղթահարելի է Հայաստանի հավաքականի համար:
-Շատ դժվար է, քանի որ մենք շատ ուժեղ մրցակիներ ունենք: Ամեն ինչ կանենք, որ լավ ֆուտբոլ խաղանք, և վստահ եմ, որ եթե շարունակենք նույն կերպ խաղալ, կարող ենք լինել Աշխարհի առաջնության մեր ընտրական խմբի առաջատարը:
-Հավաքականը գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, սակայն ակումբները եվրոպական մրցասպարեզում թույլ ելույթներ են ունենում: Ի՞նչը Հայաստանում կարող է դառնալ ակումբային ֆուտբոլի զարգացման խթան:
- Կարծում եմ, որ մեր ֆուտբոլն անպայման պետք է զարգանա հենց Հայաստանում: Հավաքականի ցուցադրած խաղը կոգևորի մեր ֆուտբոլիստներին, և նրանք ավելի լուրջ մոտեցում կցուցաբերեն, քանի որ 1-2 տարի առաջ Հայաստանում ֆուտբոլիստները չէին ընդունում ֆուտբոլը որպես աշխատանք, այլ ընդունում էին որպես զբաղմունք: Բայց հիմա բոլորն էլ տեսնում են, որ ֆուտբոլով կարող են մեծ գումարներ վաստակել:
-Ինչպիսի՞ն էր 2011 թվականը Յուրա Մովսիսյանի համար:
-2011-ը լավ տարի էր: Դժվար է ասել` շատ լավ էր կամ շատ վատ, քանի որ կարող էր նաև ավելի վատ լինել: Բայց ես ուրախ եմ այս տարվա ձեռքբերումներով և ամեն ինչ կանեմ, որ հաջորդ տարին ավելի լավը լինի, քան 2011-ը:
-Ի՞նչ սպասելիքներ ունես 2012 թվականին:
-2012 թվականի առաջին սպասելիքը կլինի մարտ ամսին իմ երեխայի ծննունդը:
-Քո Ամանորյա մաղթանքը հայ ժողովրդին ու հայ ֆուտբոլասերին:
-Մաղթում եմ բոլորին հաջողություն և առողջություն և մեզ բոլորիս ցանկանում եմ նորանոր հաղթանակներ: